
Ժողովածուն գրվել է 1913-1915 թթ., տպագրվել է 1921-ին: 1913-ից Վարուժանը
մտորում էր այդ ժողովածուի մասին: Աշխատանքի բերկրանք. ահա՛ այն երջանկությունը, որ
ապրում է հողի մշակը ցորեն ցանելիս, մշակելիս, հնձելիս և հացի վերածելիս: Իր այս գործով
Վարուժանը յուրովի ձայնակցում է Հ. Թումանյանի «Դեպի ժողովուրդը» կոչին:
Վարուժանի ներշնչանքի գրական աղբյուրը հռոմեացի բանաստեղծ
Վերգիլիուսն է՝ հատկապես «Բուկոլիկներ» և «Գեորգիկներ» հողագործական և հովվերգական
պոեմները: Պահպանված չափով շարքը բաղկացած է 29 բանաստեղծությունից: Դասականության
ձգտող բանաստեղծը այստեղ, ինչպես և «Սարսուռներում», առանձին սոնետով դիմում է մուսային
(«Սորվեցուր ինձ. պսակե քընարս հասկերով…»):
Վարուժանը պատկերել է հացի ստեղծման աշխատանքների ամբողջ
ընթացքը՝ վաղ գարնանից մինչև բերքահավաքի աշուն: Վաղ գարնանը արտերը հրավեր են ուղղում
հողի մշակներին. «Վերադարձեք մեր ծոցը, ո՛վ մշակներ…»: Հողի մայրանալու պահն է, և հողն
սպասում է իրեն մայրացնողին: Գալիս են մշակները, որոնց բանաստեղծը դիմավորում է մեծարանքով:
Մշակի օգնականները եզներն են, որոնց խոշոր աչքերի մեջ դաշտերի երազն է: Սկսվում է հերկը.
մշակը խոսում է եզների հետ, և նրանք օրնիբուն վարում են հողը. «Հո՛, հռո՛, հռո՛, հռո՛…»:
Մարդն ու եզը այս պահին հարազատներ են, եղբայրներ: Եթե առաջին 4 բանաստեղծությունները
գրված են սոնետի ձևով, ապա «Առաջին ծիլերից» սկսած, ուժգնանում է ժողովրդական երգի
ձևը: Վարուժանը նկարագրում է արտերի ու դաշտերի վրա թափվող գարնան անձրևի տեսարանը:
Մաքրագործվում է աշխարհը, կենսանորոգ ուժով լցվում հողը: «Ցորյանի ծովեր» բանաստեղծության
մեջ հասունացող արտի պատկերն է: Հովերն ու ծովերը, այսինքն՝ արտի ծփանքը, մերձակա կալերից
հասնում են գյուղ, այստեղից էլ՝ աղորիք, որտեղ ցորենի հատիկը պետք է ալյուր դառնա:
Վերջին տան մեջ բանաստեղծի առաջ ծփացող կանաչ արտ է: Ցորենի մեջ աճում են ծաղիկներ,
հատկապես կակաչներ, որոնք «սիրող սրտերու պես կարյունին»: Դրանք կակաչներ չեն, այլ՝
սիրո բոցեր, որ քաղում է դաշտ ոտք դրած կույսը: Հասունանում է սերը, առանց որի ամեն
ինչ անիմաստ է:
Ժողովրդական երգի «Արտըս ոսկո՛ւն է» տողի կրկնությամբ ստեղծվում
է հասուն արտի պատկերը, որը հսկում է հանդապահը, ով լուսնի դեմ նստած սրինգ է նվագում
և ասես օրորում հասկերի քունը: Գալիս է հունձի սպասված պահը: Հասունացած արտը և հասունացած
սերը միավորվում են «Հունձք կը ժողվեմ…» բանաստեղծության մեջ: Հնձած ցորենը գոմեշներ
լծած սայլերով կրում են գյուղ. մայրամուտի մեջ սայլերն ասես «շարժուն բուրգեր» լինեն:
Պատկերները տպավորիչ են և հաջորդում են իրեր. «Ճերմակ եզը կարծես կուռք մ՝է ձուլված
լուսնի» արծաթին: Ցուլերը բանաստեղծի աչքին երևում են դյութվածի պես, և շողում են մեծազանգված
գոմեշների աչքերը: Դարեր շարունակ մարդը միավորել է իրար՝ աշխատանքը և երգը. հացի երգը
բարձրագույնն է բոլոր երգերի մեջ: Այստեղ կան իր հերոսները՝ հողը, կենդանիները, ցորենը,
մշակը, հոտաղը, սիրած աղջիկը, գյուղը… Ամառվա քաղցր գիշերվա մեջ հնչում է կալերի երգը:
Երգում է մարդը, երգում է ծղրիդը, երգում է սյուքը, բուրում են ծաղիկները, խոտը…
Տես նաև Հարճը, Ցեղին սիրտը և Հեթանոս երգեր
Դանիել Վարուժան | Հացին երգը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 11, 2017
Rating:
