.jpg)
Արթուր Մերսոն Ալժիրում բնակվող ֆրանսիացի մանր ծառայող է: Լուր
է ստանում մոր մահվան մասին: Երեք տարի դրանից առաջ՝ չկարողանալով պահել մորը՝ հանձնել
է ծերանոց: Ստանալով երկշաբաթ ազատում աշխատանքից՝ մեկնում է մոր թաղմանը:
Ծերանոցի տնօրենի հետ կարճ զրույցից հետո պատրաստվում է գիշերն
անցկացնել մոր դագաղի մոտ: Սակայն հրաժարվում է վերջին անգամ նայելու հանգուցյալի դեմքին:
Զրուցում է պահակի հետ, խմում է սուրճ, ծխում է, հետո քնում: Արթնանալով տեսնում է,
որ ծերանոցի մոր ընկերուհիները հավաքվել են իր շուրջը և հակված են մեղադրել նրան: Հաջորդ
օրը Մերսոն թաղում է մորը և վերադառնում է Ալժիր:
Տասներկու ժամ քնելուց հետո գնում է ծովափ, որտեղ հանդիպում
է իր նախկին գրասենյակի մեքենագրուհի Մարի Կարդոնային: Նույն երեկո վերջինս դառնում
է նրա սիրուհին: Ողջ հաջորդ օրն անցկացնելով իր սենյակի պատուհանի մոտ Մերսոն որոշում
է, որ իր կյանքում ըստ էության ոչինչ չի փոխվել:
Հաջորդ օրը վերադառնալով աշխատանքից տուն՝ հանդիպում է հարևաններին՝
ծերուկ Սալամանոյին իր շան հետ և Ռայմոն Սինտեսին, որը կավատի համբավ ուներ: Սինտեսն
ուզում է վրեժ լուծել իր արաբ սիրուհուց, որը լքել է իրեն: Խնդրում է Մերսոյին իր անունից
այնպիսի հմուտ նամակ գրել, որ աղջիկը այցելի իրեն: Իսկ նա կթքի աղջկա երեսին և վրեժը
լուծված կլինի: Շուտով Մերսոն Սինտեսի և արաբ աղջկա բուռն վեճի ականատես է լինում,
և երբ բանը հասնում է ոստիկանությանը, որպես վկա է հանդես գալիս՝ պաշտպանելով Ռայմոնին:
Մերսոյի տնօրենը նրան նոր պաշտոն է առաջարկում Փարիզում:
Սակայն Մերսոն հրաժարվում է: Միևնույն է, կյանքը չես փոխի: Երեկոյան Մարին հարցնում
է Մերսոյին. սիրո՞ւմ է արդյոք իրեն: Մերսոն պատասխանում է, որ՝ ոչ: Ամուսնությունը
նրան նույնպես չի հետաքրքրում:
Կիրակին անցկացնում է Մարիի և Ռայմոնի հետ վերջինիս ընկերոջ
Մասսոնի մոտ: Մոտենալով ավտոբուսի կանգառին Մերսոն և Ռայմոնը նկատում են երկու արաբների,
որոնցից մեկը Ռայմոնի արաբ ընկերուհու եղբայրն է:
Ծովում լողալուց և առատ նախաճաշից հետո Մասսոնն առաջարկում
է ընկերներին զբոսնել ծովափին: Ծովափի եզրին նկատում են երկու արաբներին: Նրանց թվում
է, որ արաբները հետևել են իրենց: Կռվում են և արաբներից մեկը դանակով վիրավորում է
Ռայմոնին: Փախչում են:
Որոշ ժամանակ անց նորից վերադառնում են նույն տեղը և բարձր
լեռան ետևում տեսնում են արաբներին: Ռայմոնը Մերսոյին է տալիս իր ատրճանակը, սակայն
կռվի համար պատճառներ չկան: Ընկերները մենակ են թողնում Մերսոյին: Նրան ճնշում է տապը,
որից նա ասես հարբում է: Նորից նկատում է Ռայմոնին վիրավորած արաբին: Չդիմանալով տապին՝
Մերսոն քայլ է անում արաբի ուղղությամբ, հանում է ատրճանակը և կրակում՝ ասես թակելով
դժբախտության դուռը:
Մերսոն բանտում է. նրան հարցաքննում են: Նրան թվում է, որ
իր գործը պարզ է: Սակայն քննիչն այլ կարծիք ունի: Նա չի կարողանում հասկանալ արաբի
սպանության շարժառիթները: Խոսում է Աստծո մասին, սակայն Մերսոն անհավատ է: Միայն ափսոսում
է կատարածի համար:
Դատավարությունը տևում է տասնմեկ ամիս: Մերսոն հասկանում
է, որ բանտախուցը հիմա իր տունն է և իր կյանքը կանգ է առել: Սկզբում դեռ մտովի իրեն
պատկերացնում է ազատության մեջ: Սակայն Մարիի հետ տեսակցությունից հետո՝ տրամադրությունը
փոխվում է: Տառապում է ձանձրույթից: Աստիճանաբար կորցնում է ժամանակի զգացումը:
Դատի ժամանակ իրեն զգում է ինչպես անկոչ հյուր, ինչպես օտար
մեկը: Դատավորը կարդում է դատավճիռը. Մերսոն չի լացել իր մոր թաղման ժամանակ, կապի
մեջ է մտել աշխատակցուհու հետ, ընկերացել է կավատ Ռայմոնի հետ և սպանել է արաբի առանց
որևէ պատճառի: Մերսոն զուրկ է բարոյականության սկզբունքներից: Պահանջում է մահապատիժ:
Դատապաշտպանը ներկայացնում է Մերսոյին որպես ազնիվ աշխատողի,
որը հոգ էր տանում իր մոր մասին, քանի դեռ ի վիճակի էր: Սպանությունը չմտածված պահի
քայլ է:
Հայտարարում են դատավճիռը. հրապարակային գլխատում: Մերսոն
որոշում է, որ կյանքից չարժե կառչել և մահը ուշ թե շուտ, միևնույն է, վրա է հասնում:
Կարևոր չէ, ինչպես դա կպատահի:
Մահապատժից առաջ նրան այցելում է քահանան: Սակայն Աստծո և
ապաշխարհանքի մասին զրույցները ափերից հանում են նրան: Նա վռնդում է քահանային: Մահվան
շեմին նա զգում է, թե ինչպես է մութ անդնդից իրեն ընտրել միակ ճակատագիրը: Նա պատրաստ
է ամեն բան վերապրել նորից և որ հրապարակում հավաքված ամբոխը իր մահապատժի առիթով բարձր
ծիծաղի:
Տես նաև Օտարը, Ժանտախտը, Կալիգուլա, Սիզիփոսի առասպելը, Անկում և Հույսը և աբսուրդը
Ալբեր Կամյու | Օտարը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 29, 2015
Rating:
.jpg)