
«Գարգանտյուա և Պանտագրյուել»
վեպի համար ազդակ է հանդիսանում 1532 թ. Լիոնում անանուն լույս տեսած «Մեծն հսկա Գարգանտյուայի
մասին քրոնիկները»: Այս գրքի հաջողությունը դրդում է Ֆրանսուա Ռաբլեին (1494-1553)
օգտագործել միջնադարյան ասպետական վեպերը ծաղրող այս երկի արտաքին ձևը՝ առավել խորը
բովանդակություն արտահայտելու համար: Նույն տարում նա որպես հիշյալ վեպի շարունակություն
լույս է ընծայում «Մեծն հսկա Գարգանտյուայի որդի փառավոր Պանտագրյուելի՝ դիփսոդների
թագավորի սարսռազդու և ահավոր սխրագործությունները»: Գիրքը լույս է տեսնում Ալկոֆրիբաս
Նազյո կեղծանվամբ: Գլխավոր հերոս Պանտագրյուելի կողքին հայտնվում է նրա անբաժան ընկերը՝
Պանուրգը: Ծաղրական տարրը գրքում տիրապետող է: Սակայն միաժամանակ նկատելի են նաև հումանիստական
միտումները՝ Սորբոնի համալսարանի դոկտորների սխոլաստիկական ուսյալության պարոդիան,
ինչպես նաև գրքի տասներեքերորդ գլխում Գարգանտյուայի որդուն ուղղված նամակը, որը գիտությունների
ջատագովություն է:
Իր մտահղացման հաջողությամբ
ոգեշնչված՝ Ռաբլեն 1534 թ. լույս է ընծայում նաև պատմության սկիզբը, որը կոչված էր
փոխարինելու ժողովորդական գրքի նյութը: Այն պատմում է Գարգանտյուայի մասին: Այստեղ
Ռաբլեն պահպանել է սկզբնաղբյուրի միայն մի քանի մոտիվներ՝ Գարգանտյուայի և նրա հայր
Գրանգուզյոյի հսկայական չափերը, Գարգանտյուայի ուղևորությունը հսկա ձիու վրա և Նոտր
Դամի զանգերի առևանգումը: Գարգանտյուայի դաստիարակությունը բացահայտում է հին սխոլաստիկական
և նոր հումանիստական մեթոդների միջև առկա տարբերությունը: Մագիստրոս Յոնատուս Բրագմարդոյի
ճառը, որը նա արտասանում է՝ խնդրելով Գարգանտյուային վերադարձնել զանգերը, սորբոնականների
դատարկաբան ճարտասանության հրաշալի պարոդիա է:
«Բարի Պանտագրյուելի գործերի
և ասույթների» երրորդ գիրքը լույս է տեսնում մեծ ընդմիջումից հետո 1546 թ.: Այն էականորեն
տարբերվում է նախորդ երկու գրքերից: Այստեղ նկարագրվում է Պանտագրյուելի կողմից դիփսոդների
(ծարավների) երկրի խաղաղ գաղութացումը: Դրանց հետևում է Պանուրգի ցոփության դրվագը,
երբ նա երկու շաբաթում կարողանում է ծախսել առաջիկա երեք տարիների իր եկամուտը: Գործողություններն
այսքանով սահմանափակվում են և դրանց հաջորդում են ամեն տեսակ զրույցներ և դատողություններ,
որտեղ Ռաբլեն դրսևորում է իր ուսյալությունը: Հարցերի հարցն է Պանուրգի հետևյալ անորոշությունը.
նա չգիտի՝ արժե՞ արդյոք ամուսնանալ, թե՞ ոչ: Բանն այն է, որ նա շատ է վախենում եղջյուրներից:
Նրան չեն կարողանում օգնել ոչ փիլիսոփաները, ոչ դատավոր Բրիդուան, որը բոլոր հարցերը
լուծում է խաղաքարի նետման օգնությամբ: Պանտագրյուելիզմը, որով «լեցուն է» գիրքը, գլխավոր
հերոսի կյանքի նկատմամբ հավասարակշռված, անգամ անտարբեր վերաբերմունքն է:
1548 թ. Ռաբլեն լույս է ընծայում
«Պանտագրյուելի» չորրորդ գիրքը: Այստեղ պատմվում է Պանուրգի և իր ընկերների ծովային
ուղևորության մասին դեպի Չինաստան, որտեղ ապրում է Աստվածային շշի պատգամախոսը: Միայն
սա կարող է վերջնական լուծում տալ Պանուրգին հուզող հարցին: Այս գրքում իրականը և ֆանտաստիկականը
միախառնված են: Ռաբլեն մեծ տեղ է տալիս այլաբանությանը: Ճանապարհորդները հերթով այցելում
են նախ Պրոկուրացիայի կղզին, որտեղ բնակվում են ամբաստանողներն ու դատասերները, Կարեմպրենան
կղզին, որտեղ պահվում է կաթոլիկական ծոմը և դրա հարևան-թշնամի՝ երշիկների կղզին: Այցելում
են կալվինականների կղզին և պապամոլների կղզին, որտեղ թագավորում է մեսիր Գաստերը (պարոն
Ստամոքսը):
Ռաբլեի մահից տաս տարի անց
նրա անվան տակ լույս է տեսնում «Հնչեղ կղզի» վերնագրով գիրքը, իսկ ևս երկու տարի անց՝
«Հինգերորդ գիրքը», որի սկիզբն է «Հնչեղ կղզին»:
Պատմվում է Պանուրգի ճանապարհորդության վերջավորության մասին: Ամենից ուշագրավն է հնչեղ
կղզու այցելությունը. այստեղ ճանապարհորդները հանդիպում են վանդակներում պահվող բազմաթիվ
թռչունների, որոնք խժռում են աշխարհը՝ կղեարականների, եպիսկոպոսների, աբբաների և այլն:
Լինում են թավշամորթ կատուների կղզում. այստեղ ապրում են դատավորները, որոնք սնվում
են փոքրիկ երեխաներով: Լինում են Կվինտեսենցիայի թագավորությունում, որտեղ սխոլաստիկայի
հետևորդները սնվում են կատեգորիաներով, հասկացություններով, եզրահանգումներով և դատարկախոսությամբ:
Վերջապես հասնում են Կախարդական շշի պատգամախոսի մոտ, որը պատասխանի փոխարեն ասում
է Պանուրգին «տրինկ», այսինքն՝ «խմիր»: Սա կարելի է հասկանալ տարբեր կերպ, չէ՞ որ պատգամախոսի
խոսքը պիտի մեկնաբանվի: Պանուրգի նման բնավորությունները կարող են հասկանալ սա որպես
հարբերցողության կոչ, սակայն այլաբանությունը սովորեցնում է, որ հարկ է խմել «իմաստնության
աղբյուրից»:
Ռաբլեի գրքի հիմնական ակունքն
է ժողովրդական բանահյուսությունը, ինչպես նաև միջնադարյան ֆաբլիոները, «Վարդի վեպը»
և Ֆրանսուա Վիյոնի քնարերգությունը: Անցյալի մեծ այրերից Ռաբլեն ամենից շատ գնահատում
է Դեմոսթենեսին, Արիստոփանեսին և Էպիկտետոսին: Նրա ազդեցությունը նկատվում է Մոլիերի,
Լաֆոնտենի, Լըսաժի, Վոլտերի և Սվիֆթի վրա:
Ֆրանսուա Ռաբլե | Գարգանտյուա և Պանտագրյուել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 05, 2015
Rating:
