
Չափածո այս վեպն անավարտ է: Դոն Ժուանը
ծնվել է Սևիլիայում, 18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին սեռական դասերը ստանում է մոր
ընկերուհուց՝ դոնա Յուլիայից, որի ամուսինն է դոն Ալֆոնսոն: Հեղինակը ակնարկում է,
որ ժամանակին վերջինս սիրային կապ է ունեցոլ Ժուանի մոր հետ: Խանդոտ դոն Ալֆոնսոն մի
օր հայտնաբերում է կնոջ ննջարանում Դոն Ժուանին:
Ցանկանալով խուսափել մեծ սկանդալից՝
ծնողները տասնվեցամյա տղային ուղարկում են ծովային ճանապարհորդության: Լիվորնո մեկնող
նավը խորտակվում է, ճանապարհորդների մեծ մասը մեռնում է: Դոն Ժուանը, որը կորցրել է
ծառային, հայտնվում է անհայտ մի կղզում: Այստեղ ծնվում է նրա մեծ սերը հույն աղջիկ
Հայդեի նկատմամբ: Սա ապրում է ծովահեն հոր հետ: Գտնելով ափին գեղեցիկ տղային՝ նրան
է նվիրում իր սերը: Այս լուսավոր սիրո փուլը, սակայն, երկար չի տևում: Երբ
ծովահենը վերադառնում է կղզի, Դոն Ժուանին մյուս գերիների թվում ուղարկում է Կոստանդնուպոլիս,
որպես ստրուկ վաճառելու համար: Հայդեն վշտից մահանում է:
Ժուանը նոր ընկերոջ՝ բրիտանացի
Ջոն Ջոնսոնի հետ, որը ծառայում էր Սուվորովի բանակում և գերի էր վերցված յենիչերիների
կողմից, վաճառվում է թուրքական սուլթանի կանանցից մեկին: Գյուլբեն՝ սուլթանի կինը, կանացի
հագուստ տալով Դոն Ժուանին՝ թաքցնում է նրան հարեմում, որտեղ հերոսը գրավում է աղջիկներից
մեկի՝ գեղեցիկ վրացուհի Դուդուի ուշադրությունը: Խանդոտ սուլթանուհին ցասման մեջ է,
սակայն առաջնորդվելով առողջ բանականությամբ, ստիպված է օգնել Ժուանին և Ջոնսոնին երկու
դժբախտ հարճերի հետ լքել պալատը:
Փախստականները հայտնվում են
ռուս ֆելդմարշալ Սուվորովի ճանբարում: Ռուսները գրոհում են թուրքական Իսմաիլ ամրոցը Դանուբի
մոտ:
Այստեղ Ժուանը աչքի է ընկնում
անձնազոհությամբ և հերոսությամբ: Անգամ փրկում է կազակների ձեռքից հնգամյա թուրք աղջկան:
Ստանում է սխրանքի ասպետի շքանշան և որպես սուրհանդակ ուղարկվում է ռուս կայսրուհի
Եկատերինայի մոտ Պետերբուրգ՝ Իսմայիլի առումը ավետելու համար: Այստեղ Ժուանը
հայտնվում է Եկատերինայի ֆավորիտների թվում, սակայն հիվանդությունը պատճառ է դառնում
այն բանի, որ Եկատերինան որոշ գրություններ հանձնելով Ժուանին՝ ուղարկի նրան Անգլիա:
Անցնելով Լեհաստանը, Պրուսիան
և Հոլանդիան՝ Դոն Ժուանը հայտնվում է Անգլիայում: Այստեղ, գնահատականներ տալով իր հայրենիքին,
Բայրոնը կոչում է այն «ազգերի բանտապահ»: Փողոցում Դոն Ժուանի վրա հարձակվում են կողոպտիչներ,
որոնցից մեկին նա ատրճանակի օգնությամբ իսկույն այն աշխարհ է ուղարկում: Այնուհետև
նկարագրվում է լոնդոնյան բարձրաշխարհիկ հասարակության բարքն ու վարքը:
Դոն Ժուանն արդեն 21 տարեկան
է: Ձգում է իգական սեռի ներկայացուցիչներին: Սակայն վաղ վայելքները ձանձրույթի սաղմ
են նետել նրա հոգում: Դառնալով ազնվական Ադելինա Ամոնդևիլի հետաքրքրության առարկան՝
Դոն Ժուանը հրավիրվում է լորդ Ամոնդևիլի քաղաքից դուրս գտնվող շքեղ պալատը: Այստեղ
Ադելինան փորձում է հարմար հարսնացու գտնել Դոն Ժուանի համար: Հերոսն իր հերթին մեծ
ընդմիջումից հետո վերջապես սիրահարվում է երիտասարդ Ավրորա Ռեբիին: Ադելինան, սակայն,
դեմ է այս կապին: Նա ուզում էր Դոն Ժուանին ամուսնացնել իր բարձրաշխարհիկ ընկերուհիներից
մեկի հետ: Հենց այդ ընկերուհու հետ էլ հերոսը հանդիպում է վեպի վերջին էջերին գյուղական
հին առանձնատան գիշերվա լռության մեջ:
Ճակատագիրը թույլ չի տալիս
Բայրոնին ավարտի հասցնել իր չափածո վեպը:
Տես նաև Մանֆրեդ, Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը, Կայեն, Ծովահեն
Ջորջ Բայրոն | Դոն Ժուան | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 09, 2015
Rating:
