
Ամերիկյան դեսպան Հայրամ Բ. Օտիսը ձեռք է բերում լորդ Քենթրվիլի
դղյակը: Լորդը նախազգուշացնում է, որ դղյակում բնակվում է ուրվական, որը 300 տարի շարունակ
տառապանք է պատճառել իր տոհմի շատ ներկայացուցիչների: Պարոն Օտիսը պատասխանում է, որ
եթե Եվրոպայում լիներ գեթ մեկ ուրվական, այն կհայտնվեր Ամերիկայի որևէ թանգարանում:
Դեսպանը դղյակ է տեղափոխվում կնոջ, ավագ որդու՝ Վաշինգտոնի, դստեր 15-ամյա Վիրջինիայի
և երկու անհանգիստ տղա երկվորյակների հետ: Նրանց է դիմավորում տնային կառավարիչ տիկին
Ամնին: Գրադարանի հատակին Օտիսները տեսնում են կարմիր հետք: Այդ հետքը մնացել է 300 տարի
առաջ տեղի ունեցած սպանությունից: Գրադարանում Սայմոն Քենթրվիլը սպանել է իր կնոջը:
Հետքն այդ օրվանից չի ջնջվում: Սակայն պարոն Օտիսը մաքրում է այն Պինկերտոնի մաքրիչով:
Կայծակն ու ամպրոպը դառնում են տիկին Ամնիի ուշագնացության պատճառ: Օտիսն առաջարկում
է ամեն ուշաթափության համար պահումներ անել Ամնիի աշխատավարձից, և նա իսկույն ուշքի
է գալիս: Հաջորդ առավոտյան կարմիր հետքը նորից հայտնվում է նույն տեղում: Վաշինգտոնը
նորից մաքրում է այն: Ամեն օր այն սրբում են, սակայն այն նորից հայտնվում է:
Մի գիշեր պարոն Օտիսը լսում է տարօրինակ քայլեր և մետաղի
ճռռոց: Դուրս է գալիս իր սենյակից և տեսնում է ուրվականի: Դա այլանդակ ծերուկ է: Դեսպանն
առաջարկում է նրան մեքենայի յուղ քսել ձեռքի շղթաներին, որպեսզի դրանք այդքան աղմուկ
չհանեն: Փակում է ննջարանի դուռը: Աստիճանի վրա ուրվականի ուղղությամբ բարձ է թռչում:
Այն նետել են երկվորյակները: Ուրվականը վիրավորված է այդպիսի վերաբերմունքից:
Հաջորդ օրը կարմիր հետքը գրադարանում դառնում է կանաչավուն:
Գիշերը ուրվականը մեծ աղմուկ է բարձրացնում՝ փորձելով հագնել
ասպետի սաղավարտը: Երկվորյակները կրակում են նրա վրա պարսատիկից: Իսկ երբ ուրվականը
փորձում է սարսափազդու հռհռոցով վախեցնել բնակիչներին, տիկին Օտիսը, որոշելով, որ նա
հիվանդացել է, առաջարկում է ուրվականին լուծույթ:
Ուրվականը փորձում է վախեցնել երկվորյակներին՝ գալով նրանց
մոտ առանց գլխի, սակայն երբ բացում է դուռը, նրա վրա դույլով ջուր է թափվում:
Դղյակ է գալիս Վիրջինիայի փեսացուն՝ Չեշիրի դուքսը: Նրա հետ
զբոսանքից հետո Վիրջինիան մտնում է գոբելենների սրահ, որտեղ նստած է ուրվականը: Աղջիկը
խղճում է նրան և պատվիրում է ապագայում հիմարություններ չանել: Չէ՞ որ կյանքի օրոք
ուրվականը վատ մարդ է եղել և սպանել է իր կնոջը: Վիրջինիան մեղադրում է ուրվականին
իր ներկերը գողանալու մեջ: Ո՞վ է տեսել, որ արյունը կանաչ լինի: Ուրվականը բացատրում
է, որ իսկական արյուն գտնել չէր կարող:
Վիրջինիան կարող է օգնել ուրվականին: Նրա հետ է սերը, իսկ
սերը ավելի ուժեղ է մահից: Ուրվականը ցույց է տալիս երեխային գրադարանի պատուհանին
գրված մարգարեությունը, ըստ որի ոսկեհեր մանուկը կօգնի ոգուն հանգիստ գտնել: Աղջիկը
համաձայնում է: Նա պիտի սգա և աղոթի նրա հոգու համար: Ուրվականը բռնում է աղջկա ձեռքը,
պատն անհետանում է և նրանք չքանում են: Օտիսները փնտրում են աղջկան, բայց ապարդյուն:
Երեկոյան Վիրջինիան հայտնվում է ամպրոպից հետո: Ձեռքին է թանկարժեք իրերով տուփը: Նա
տանում է հարազատներին նկուղ, ուր երկաթե օղին է գամված սարսափելի կմախքը: Նրա դիմաց
կանգնած են սափոր և ափսեներ, որոնց նա չէր կարող հասնել: Դա ուրվականի մարմինն է: Ծեր
Քենթրվիլի կնոջ եղբայրները, այն բանից հետո, երբ նա սպանել էր նրանց քրոջը, սովամահ
էին արել նրան նկուղում:
Երբ Չեշիրի դուքսը չափահաս է դառնում, նրանք Վիրջինիայի հետ
ամուսնանում են: Մեղրամսից հետո Վիրջինիան և նրա ամուսինը՝ Սեսլը, այցելում են Սայմոն
Քենթրվիլի գերեզմանը: Սեսլը հարցնում է կնոջը, թե ինչ էին նրանք անում ուրվականի հետ
այն երեկո: Սակայն Վիրջինիան չի ուզում խոսել այդ մասին. սըր Սայմոնը բացահայտել էր
նրա համար, թե ինչում է Սերը ավելի ուժեղ Մահից:
Տես նաև Օսկար Ուայլդ Դորիան Գրեյի դիմանկարը, Իդեալական ամուսինը և Թոմաս Մայն Ռիդ Անգլուխ ձիավորը
Օսկար Ուայլդ | Քենթրվիլի ուրվականը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 05, 2015
Rating:
