
Արդեն դասավանդման ընթացքում Պարացելսը ողջ սրությամբ ի հայտ
է բերում իր խզումը ավանդական բժշկության հետ: Նախ և առաջ խուսափում է դասախոսություններ
կարդալ լատիներեն: Խոսում է գերմաներեն և իր դասերին հրավիրում Բազելի դեղագործներին,
սափրիչներին և վիրաբույժներին: Մարտին Լյութերը ժամանակին այրել էր պապական բուլեն,
իսկ Պարացելսն այրում է բժշկական աշխարհի երկու հեղինակությունների՝ Գալենի և Ավիցենայի
գրքերը, ահա ինչու նրան կոչում են «Քիմիայի Լյութեր»:
Իր ուսմունքի հիմնական դրույթները շարադրում է «Գաղտնի փիլիսոփայություն»
տրակտատում: Ըստ Պարացելսի քիմիան կոչված է ուսումնասիրելու բնական մետաղները մարդու
համար օգտակար մթերքների փոխակերպելու եղանակները: Նա չէր կարծում, թե ալքիմիան կարող
է օգնել ոսկի կամ արծաթ ստանալ. նրա համոզմամբ ալքիմիան ուսմունք է փոխակերպությունների
մասին: Նրա պատկերացումները հիմնվում էին ամեն տեսակ քիմիական և բիոքիմիական տեխնոլոգիաների
վրա: Հետաքրքրություն տածելով մոգության հանդեպ՝ նա վերափոխում է բժկությունը: Հերքում
է տեսությունը, ըստ որի առողջությունը կամ հիվանդությունը կախված են չորս հիմնական
հեղուկների հավասարակշռությունից (այս տեսությունը գալիս է Էմպեդոկլեսից): Պարացելսն
առաջարկում է դիտել մարդու մարմինը որպես քիմիական համակարգ, որի մեջ հիմնական դերը
խաղում են ծծումբը, սնդիկը և աղը: Սնդիկը բոլոր մետաղների նախատարրն է, իսկ ծծումբը
բոլոր այրվող նյութերի տարրն է: Աղը երաշխավորում է հաստատունությունը և դիմադրում
է հրին: Հիվանդությունները քիմիական տարրերի միջև անհավասարակշռությունից են: Հիվանդությունները
կարելի է բուժել ոչ թե օրգանական, այլ հանքային նյութերից պատրաստված դեղամիջոցներով:
Այսպես է ի հայտ գալիս յատրոքիմիան (բուժական քիմիան): Իրար
են միախառնվում աստվածաբանության, փիլիսոփայության, աստղաբանության և ալքիմիայի տարրեր,
սակայն գլխավորը գաղափարն է, ըստ որի մարդու մարմինը քիմիական համակարգ է: Մեկ ուսմունքից
մյուսին անցնելը դանդաղ և համբերություն պահանջող պրոցես է: Պարացելսը համարում է իրեն
հեղափոխական, որը մերժում է «հեղուկների տեսությունը» և վերադառնում է Հիպոկրատի սկզբունքներին:
Յատրոքիմիական ծրագրի մյուս կարևոր կետն այն է, որ հիվանդությունները
յուրահատուկ պրոցեսներ են, որոնց դեմ պիտի ուղղվեն նույնպես յուրահատուկ պրոցեսներ:
Համափարփակ բուժումներ և դեղամիջոցներ գոյություն չունեն: Հիվանդությունը յուրահատուկ
է, որովհետև յուրաքանչյուր կենդանի էակ ինքնավար է և ունի իր կոչվածությունը: Ամեն
իր զարգանում է՝ դառնալով այն, ինչ կա ինքնին: Ուժը, որը առկա է սաղմերում և պայմանավորում
է դրանց աճը, Պարացելսը կոչում է «Արքեո»: Այն հիշեցնում է արիստոտելյան ձևի նյութականացած
տարատեսակը, որը կազմակերպում է մատերիայի կենդանի սկզբունքը:
Պարացելսը իր պրակտիկայի հիմնական գծերով մնում է մոգ: Սակայն
նրա յատրոքիմիան բովանդակում է դրական ճանաչողական հեռանկարներ: Այն փորձում է թափանցել
բնության գաղտնիքների մեջ և հմտորեն լրացնել դրանք:
Տես նաև Մխիթար Հերացի «Ջերմանց մխիթարություն», Հիպոկրատ «Հիպոկրատի երդումը» և Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը»
Պարացելս «Գաղտնի փիլիսոփայություն» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 22, 2015
Rating:
